image
Հրատապ լուրեր:

Հրատարակության է պատրաստվել Բոստոնի The Armenian Review հանդեսի 1948-2008 թթ. մատենագիտությունը

Հրատարակության է պատրաստվել Բոստոնի The Armenian Review հանդեսի 1948-2008 թթ. մատենագիտությունը

Հայաստանի ազգային գրադարանում ավարտվեց Բոստոնի Արմինյան Րիվյու հանդեսի (The Armenian Review: Bibliography-Index /1948-2008/) հիսուն տարիների մատենագիտության պատրաստումը։

Մոտ ժամանակներս պատմաբանների, բանասերների, մատենագետների աշխատասեղանին կդրվի նոր, ուշագրավ հրատարակությունը՝ The Armenian Review: Bibliography-Index (1948-2008) –ը: Այն Հայաստանի ազգային գրադարանի և սփյուռքում հայագիտությամբ զբաղվող նվիրյալների համատեղ աշխատանքի արդյունքն է: Համոզված ենք, որ այս համագործակցությունը օրինակելի նախադեպ կդառնա սփյուռքում հրատարակվող պարբերականների մատենագիտական ժողովածուների համատեղ կազմման և հրատարակման համար: Արդյունքում կամրապնդվեն նաև Հայաստան-Սփյուռք ակադեմիական կապերը:

Միջազգային ճանաչում վայելող անգլերեն հայագիտական այս հանդեսը հիմնադրման օրվանից (1948 թ․) հետապնդում է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և գրականությունը անգլիախոս հասարակությանը պատշաճ կերպով ներկայացնելու նպատակ: Անգնահատելի է նրա ներդրումը ԱՄՆ-ում հայագիտությունը՝ որպես ակադեմիական ուսումնասիրության ուղղություն ամրագրելու, հայագետ հետազոտողների նոր սերունդ ձևավորելու գործում: Հանդեսն իր գործունեության տասնամյակների ընթացքում դարձել է Հայրենիքի ու Սփյուռքի գիտական փոխհամագործակցության հարթակ:

Սույն մատենագիտությունը կազմված և խմբագրված է ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Արլինգթոն քաղաքի Հայ Մշակութային Հիմնարկության տնօրեն Արա Ղազարեանցի աշխատասիրությամբ։ Բաղկացած երեք բաժիններից՝ Հոդվածներ, Գրախոսականներ և Պատկերներ , պարունակում է հանդեսի բոլոր 200 թողարկումներից (ավելի քան 20 հազար էջ) վերցրած 3266 մատենագիտական նկարագրություն։

Մատենագիտության ամենածավալուն մասը՝ Հոդվածներ, բաղկացած է 25 թեմատիկ բաժիններից, ինչպես օրինակ՝ Մարդաբանություն, Հասարակագիտություն, Ազգագրություն, Իմաստասիրություն, Գեղարվեստ, Հայոց եկեղեցի, Լեզու և լեզվաբանություն, Գրականություն, Հայոց պատմություն վաղ ժամանակներից մինչև մեր օրերը, Սփյուռքահայ համայնքներ և հիմնարկներ, Քաղաքական կուսակցություններ, Կրթություն, Խորհրդային Միություն (հանրապետություններ, գաղափարախոսություն, ազգերի և ազգությունների քաղաքականություն), Օրենսդրություն, Քաղաքական և քաղաքացիական ազատություններ և այլն։ 
Երկրորդ մասը՝ Գրախոսականներ, ավելի քան 484 գրքերին, հային, հայությանը, հայոց պատմությանը, տարածաշրջանի և հարևան ժողովուրդների պատմությանը վերաբերող բազմազան նյութերի հարուստ աղբյուր է։ 
Երրորդ և վերջին մասը՝ Պատկերներ, բաղկացած է 9 ենթաբաժնից, և ներառում է նկարներ, գծագրեր, քարտեզներ, դիմանկարներ, հանդեսի տվյալ համարի շապիկի պատկերը, լուսանկարներ և այլն, որոնք ընդգրկվել են հանդեսի տարբեր համարներում հրատարակված հոդվածներում։
Մատենագիտության մեջ ներառված են նաև միջազգային ճանաչում ունեցող ավելի քան 100 ակադեմական հանդեսներում լույս տեսած հայությանը, Հայաստանին և հայոց պատմությանն ու տարածաշրջանի բազմապիսի իրադարձություններին նվիրված նյութեր։
Մատենագիտությունն ավարտվում է հավելվածով և մանրամասնորեն մշակված անձնանունների ու նյութերի օժանդակ ցանկերով։
Մատենագիտության օրինակները կարելի է ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի գրախանութներից։ Արտասահմանում, ի մասնավորի, ԱՄՆ-ում՝ դիմելով «Ամարաս» հաստատություն (www.AmarasOnline.com)։ 
Նախահրատարակության օրինակների գինն է $45 առաքման ծախսով, հետ-հրատարակությանը՝ $50 ներառյալ առաքման ծախսը։
Մատենագիտության վաճառքից գոյացած հասույթը հատկացվելու է «Ամարաս» հաստատությանը՝ հետագայում նմանօրինակ աշխատությունների հրատարակման համար։


Հայաստանի Ազգային գրադարան

 

1919-ին հիմնադրված Հայաստանի ազգային գրադարանը համարվում է հայերեն տպագիր ժառանգության խոշորագույն պահոցն աշխարհում: Գրադարանի մամուլի հավաքածուն ներառում է Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և սփյուռքում հրատարակված և հրատարակվող հայերեն ավելի քան 5600 անուն պարբերականներ: 
Հայաստանի ազգային գրադարանում անցած հարյուրամյակի ընթացքում հրատարակվել են արժեքավոր մատենագիտական ժողովածուներ, պարբերականների մատենագիտական ցանկեր, կենսամատենագիտություններ և այլն: