image

200 սիրիահայերի ներգաղթի շնորհիվ Վանկուվերում Համազգայինի «Վարագ» մասնաճյուղը վերսկսել է գործել

200 սիրիահայերի ներգաղթի շնորհիվ Վանկուվերում Համազգայինի  «Վարագ»  մասնաճյուղը վերսկսել է գործել

Անցնող շաբաթավերջին Վանկուվերի Հայ կենտրոնի սրահներում հայ համայնքը մեկտեղել էր տոնական միջոցառումներն ու Համազգային հայ կրթական ու մշակութային միության նորաստեղծ «Վարագ» մասնաճյուղի խմբակների աշխատանքը: Տոնում էին Կանադայում նշվող Ընտանիքի տոնը, Հայկական Բարեկենդանը, որից հետո անցկացվել են երգչախմբի, շախմատի, ընթերցանության և այլ խմբակների պարապմունքները:

Համայնքային այս նախաձեռնություններում հատկապես ակտիվ են սիրիահայերը, տեղեկանում ենք Կանադայի noranor-ից:  Շուրջ 200 նորեկներ, ովքեր 2014թ-ից Վանկուվեր են տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանավորությամբ: Երկու տարի անց, երբ արդեն հաղթահարել են նոր միջավայրում հաստատվելու դժվարությունները, զգացել են մշակութային կյանքի աշխուժացման անհրաժեշտություն:

 

Հենց սիրիահայերի ժամանումով էլ պայմանավորված էր Համազգայինի՝ Բրիտանական Կոլումբիայի մասնաճյուղի հիմնումը, որի ատենապետը Մեղրիկ Սյուլահյանն է. Նա նորեկ չէ համայնքում, ընտանիքն ավելի վաղ է տեղափոխվել Վանկուվեր, եկեղեցիների,  միությունների ու շաբաթօրյա դպրոցների առկայությունը ոգևորել է նրանց: Իրենց կողմից ամեն ինչ արել են համայնքը զարգացնելու համար: Սյուլահյանը միևնույն ժամանակ Վանկուվերի «Հայկական ռադիոժամ» հաղորդաշարի հաղորդավարուհին է, «Հորիզոն» շաբաթաթերթի թղթակիցը:

 

Noranor.ca-ի հետ զրույցում նա մանրամասնել է Համազգայինի մասնաճյուղ հիմնելու անհրաժեշտության, հետագա ծրագրերի մասին, ներկայացրել դրա կարևորությունը համայնքի մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև վստահեցրել, որ սիրիահայերը Վանկուվերում հաստատապես մնալու որոշմամբ են տեղափոխվել:

Կանադա տեղափոխվող սիրիահայերի թիվը մեծ էր, բայց նրանք հիմնականում հաստատվում էին Մոնրեալ և Տորոնտո քաղաքաներում, իսկ Վանկուվերում, նաև Մեղրիկ Սյուլահյանն է նշում, որ համեմատաբար դժվար է աշխատանքի ու կեցության խնդիրների լուծումը: Հիմա արդյո՞ք նրանց համար նոր հնարավորությունների ստեղծումը պատճառ չի դառնա, որ սիրիահայերը հիմնական բնակություն հաստատեն Կանադայում ու չմտածեն, ասենք, Հայաստան վերադառնալու մասին:

 

 

«Հիմա որ ընտանիքները հաստատված են, իրենց զավակները կհաճախեն դպրոցներ, ընդհանրապես ընտանիքները եկած են իրար հետ, շատ գերդաստաններ և ազգականներ կփորձեն համակերպվել հոստեղի կյանքին»,-ներկայացնում է Մեղրիկ Սյուլահյանը:

Ասել է, թե նրանք ի սկզբանե կողմնորոշված են տեղափոխվել Կանադա, և հիմա, երբ արդեն հաստատապես որոշում են կայացրել, մնում է միայն նպաստել, որպեսզի Միջին Արևելքից նրանց հետ եկած հայկական սովորությունները, հարուստ մշակույթը պահպանվի և, ինչու ոչ, տարածվի նաև տեղի հայ համայնքի մյուս անդամների վրա:

«200-են ավելի սիրիահայեր Վանկուվեր հաստատվելու արդյունքում գաղութը ծաղկեցավ և բարգավաճեցավ, իսկ ադոր զուգահեռ կարիքներն ու պահանջքներն ալ բազմապատկվեցան: Այդ տեսակետեն ելնելով, տեղվույն ՀՅԴ կոմիտեի և Համազգայինի կենտրոնական վարչության հետ համագործակցելով՝ որոշվեց Համազգայինի աշխուժության գաղափարը: Գիտենք, որ Միջին Արևելքի մեջ մշակույթը ամենօրյա կյանքի բաժինն է: Ադոր տոչորանքը կա, որ Արևմտյան Ամերիկայի կամ Կանադայի ափերու մեջ որոշեցինք վերաաշխուժացնել Վանկուվերի Համազգայինի «Վարագ» մասնաճյուղը, որ ներկայիս ունի 7 վարչականներ և ենթահանձնախումբեր»,-ասում է ատենապետը:

Մասնաճյուղը ոչ թե նոր է հիմնվում, այլև վերսկսում է գործունեությունը, վստահեցնում է պատասխանատուն, ապա անդրադառնում հարցին, թե ինչու հնարավոր չէր մինչև սիրիահայերի հաստատվելը նախաձեռնել Համազգային հայ կրթական և մշակութային միության մասնաճյուղի գործունեությունը: Ասում է.

 «Գաղութը չուներ ներուժը, որպեսզի շարունակեր կամ անձեր, որ վարեն այդ գործը, Վանկուվեր ժամանակին հաստատված են հայեր, տարին մի քանի ընտանիքներ կտեղափոխվին, հոս այդպես մեծ գաղթական աճ չի ունեցած, ավելի խնդիրներ եղել են, ապրելու, աշխատելու դժվարությունները շատ են»:

Վարչական անդամների մեծ մասը սիրիահայերն են, իսկ համայնքի մյուս անդամները ևս ներգրավվում են բոլոր նախաձեռնություններում: Պատահական չէ, որ մշակութային խմբակներն այնպես են ձևավորվում, որպեսզի տարբեր տարիքային անձինք ինքնադրսևորվելու հնարավորություն ստանան:

Արդեն իսկ գործում են շախմատի, ընթերցանության խմբակներ, շուտով ձևավորվելու է երգչախումբը, գործում է Մանկաշխարհի խմբակը երեխաների համար, ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն երեկոներ, կտոնվեն ազգային տոները:

«Մշակույթը բոլորի սրտին մոտիկ է և կարելի չէ չսիրել, ինչպես Սերժ Թանկյան կըսե, որ մշակույթով պիտի հաղթենք, այդ տեսակետը նկատի առած՝ կմոտենան Համազգայինի Վանկուվերի մասնաճյուղին, որով կա հանձնախումբեր, կան խմբակներ, որ երեխաներու համար է, երգչախումբի նպատակն էր ներգրավվել 18-50 տարիեկան երիտասարդներուն, որ անոնք ալ այդ կյանքին մեջ ներգրավվին»,-ասում է ատենապետը: