image

Երկրիդ պետական օրհներգը երգելիս պիտի քեզ զգաս սեփական տանդ. Բաց նամակ ՀՀ Մշակույթի նախարարին

Երկրիդ պետական օրհներգը երգելիս պիտի քեզ զգաս սեփական տանդ. Բաց նամակ ՀՀ Մշակույթի նախարարին

ՀՀ Մշակույթի նախարար 

                                                                          Տիկին   Լիլիթ Մակունցին

Հորդանանի Հաշիմական Թագավորության

 «Վարդավառ» հայկական երգչախմբի

հիմնադիր-ղեկավար

Վարդուհի Թորոյան-Ներսեսյանից

 

 

Մեծարգո նախարար,


Ես՝ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Վարդուհի Թորոյան-Ներսեսյանս, կցանկանայի շնորհավորել Ձեզ և մաղթել բեղմնավոր, հաջողություններով լի գործունեություն։

Ճակատագրի բերումով արդեն 4 տարի է ապրում եմ Հորդանանի Հաշիմական Թագավորությունում և փորձում եմ օգտակար լինել հայ երգ-երաժշտության պահպանման և տարածման Սուրբ գործում ոչ միայն հայ համայնքի, այլև արաբների և արտասահմանյան հանդիսատեսի շրջանակում։

Խնդրում եմ Ձեզ կարդալ «Երկրիդ պետական օրհներգը երգելիս պիտի քեզ զգաս «սեփական» տանդ»  հոդվածս, որը մանրամասն ներկայացնում է դիմում-խնդրանքիս անհրաժեշտությունը՝ փաստերով և ապացույցներով։

Հակիրճ ներկայացնեմ նրա էությունը։

Ինչպես ասել է Մեծն Կոմիտասը․ «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։ Այո՛, մենք ունենք հազարավոր տարիների պատմություն ունեցող ազգային երաժշտություն, սակայն մեզ աշխարհին ներկայացնող և մեր այցեքարտը հանդիսացող Ազգային օրհներգը հիմնված է «ո՛չ Ազգային» երաժշտական կանոնների վրա։

Անգին ավանդ ունենք ստացած մեր Մեծերից։ Այդ ավանդի ժառանգը նաև ես եմ, ով մեծ սիրով և խոնարհությամբ, կիրառելով հայկական երաժշտության և լեզվի միաձուլման օրենքները, ստեղծել է իր տարբերակը և կցանկանա մասնակցել Հայրենիքի Ազգային օրհներգի մրցույթին։

Խնդրում եմ կազմակերպել ՀՀ Ազգային օրհներգի մրցույթ։

Ակնկալում եմ Ձեր հետևողական վերաբերմունքն այս շատ կարևոր հարցում։


Կանխավ շնորհակալ եմ։

Հարգանքով՝

Վարդուհի Թորոյան-Ներսեսյան

 

 

Երկրիդ պետական օրհներգը երգելիս պիտի քեզ զգաս «սեփական» տանդ

 

« Հայ երաժշտի ոգին վերածնվեց Կոմիտասով,

ծաղկեց  Խաչատրյանով․․․ »

Յուրաքանչյուր պետություն աշխարհին է ներկայանում իր սիմվոլներով՝ պետական խորհրդանիշներով։ Տեսնելով կամ լսելով տվյալ երկրի պետական խորհրդանիշը՝ աշխարհը հստակ իմանում է պետության անունը։ Իհարկե, կոնկրետ դրոշը և գերբը կարող էին լինել շատ պարզ տարբերակով․ պարզապես կարող էր գրված լինել տվյալ երկրի անունը և բոլորը կհասկանային։ Սակայն տարբեր են ազգերը, տարբեր՝ իրենց լեզուները։ Օգնության են գալիս գույները պատկերների և հնչյունների միջոցով։ Չէ՞ որ գույնը, երաժշտությունը, պատկերը համաշխարհային լեզուներ են։ Այսպիսով, իր մշակույթն ու պատմությունը արտացոլելով՝ յուրաքանչյուր ազգ իր գույնն ավելացրեց համաշխարհային ներկապնակում։

Որպես երաժիշտ՝ կցանկանայի խոսել հիմնի մասին։

Ուսումնասիրելով աշխարհի գրեթե բոլոր երկրների հիմները՝ հասկացա, որ շատ քիչ երկրներ կան, որ պահել են հիմնի բուն էությունն ու նպատակը։

Իսկ ի՞նչ է հիմնը։ Ո՞րն է նրա նպատակը։

Ա՛յո, հիմնով ներկայանում ենք աշխարհին՝ լուծելով արտաքին՝ ճանաչողության հարցը։ Իսկ ո՞րն է նրա դերը երկրի ներսում։

«Հիմնը պետք է լինի խրոխտ, ոգևորող, համախմբող, իր գոյության ժամանակաշրջանի պահանջներով, ձեռքբերումներով, իղձերով և նպատակներով»։ Ա՛յո, բայց սա դեռ բավարար չէ «երգը» հիմն կոչելու։

Իսկ ինչպիսի՞ն էին հնագույն հիմները․

Ա․ պատերազմի կոչ անո՞ղ։ Ո՛չ, դրանք ռազմի երգեր էին, հայրենասիրական։

Բ․ ազգի պատմությունը և նպատակները նկարագրո՞ղ։ Ո՛չ, սա էլ բավարար չէր։

Ուրեմն, սկզբում պետք է հասկանալ, թե ո՞րն է հիմնի էությունը, հետո նոր մտածել նրա ստեղծման մասին։

Արդյո՞ք ՀՀ մերօրյա հիմնը համապատասխանում է հիմնի չափանիշներին։

Կցանկանայի վերլուծել ՀՀ մերօրյա հիմնը ՝ սկզբում տալով մի փոքր տեղեկություն նրա ստեղծման մասին։

«Մեր հայրենիք»-ը՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը, ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից (1861թ)։

Ըստ Ալեքսանդր Սիրանոսյանի, «Մեր հայրենիք»-ն  առաջին անգամ հնչել է 1885թ. մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Երգը հնչել է Քրիստափոր Կարա- Մուրզայի կազմած 15 հոգուց բաղկացած քառաձայն, արական կազմով երգչախմբի կատարմամբ։ Իսկ Բարսեղ Կանաչյանը, որը համարվում է այս երգի երաժշտության հեղինակը, ծնվել է 1885թ․ ապրիլին։ Ուրեմն, ավելի ճիշտ է գրել, որ երաժշտության հեղինակն անհայտ է։ Երգն առաջին անգամ հնչել է Կարա- Մուրզայի կազմած երգչախմբով, հետագայում մշակվել է նաև Բարսեղ Կանաչյանի կողմից։

 

1․ ՀՀ պետական օրհներգի՝ «Մեր հայրենիք»-ի խոսքի վերլուծություն։

 

                                      Առաջին տուն

 

Փոփոխված                                                          Բնօրինակ

Մեր հայրենիք, ազատ, անկախ,                  Մեր հայրենիք, թշվառ,անտեր,                                         

Որ ապրել է դարեդար,                                 Մեր թշնամուց ոտնակոխ,

Յուր որդիքը արդ կանչում է                        Յուր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան։                        Հանել  յուր վրեժ, քեն ու ոխ։

 

Ա․ Եթե փոփոխված տարբերակի առաջին տողում  գրվում է  -Մեր հայրենիք, առանց  հոդի, ապա երկրորդ տողում պիտի լինի  -Որ ապրել ես, ոչ թե  -Որ ապրել է։

      Բ․ Փոփոխված տարբերակում -Մեր հայրենիքը ենթական է, իսկ ու՞ր է ստորոգյալը։ Բացակայում է։

      Գ․ Փոփոխված տարբերակում -Յուր որդիքը արդ կանչում է- ն պիտի լինի ․-Յուր որդիքը արդ կանչում  են։ 

      Դ․ Եթե դիտենք Մեր հայրենիք-ը ենթակա, իսկ կանչում էստորոգյալ, ապա կստանանք շատ խճճված մի նախադասություն, որի իմաստը բացակայում է․ Մեր հայրենիքը կանչում է յուր որդիքը ազատ, անկախ Հայաստան․․․

      Ե․ Ի տարբերություն փոփոխված տարբերակի, բնօրինակում  ենթական՝ -Մեր հայրենիքունի ստորոգյալ։ Մեր հայրենիքը, որը թշվառ է, անտեր, մեր թշնամուց ոտնակոխ, կանչում է իր որդիներին, որ հանեն իր վրեժը, քենն ու ոխը։

 

                                      Երկրորդ տուն

 

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեղքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի։

Ա․ Մի կնոջ խոսք է, որի «լացող» կերպարը չի համապատասխանում հայ կնոջ կերպարին։ Հայ կինը պայքարող է, հերոս ծնող, ինքը՝ հերոս, հայ արծվին՝ թևեր տվող։ Կռվի դաշտում կրակ է, տանը՝ ճրագ։

 

                                      Երրորդ տուն

 

Նայիր նրան՝ երեք գույնով,

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան։

 

Ա․ -Թշնամի բառը կնախընտրվի չլինի ազգային խորհրդանիշ հանդիսացող պետական օրհներգում։

 

                                      Չորրորդ տուն

 

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի։

 

Ա․ -մահը

      -մեռնի

      -կզոհվի

 

2․ ՀՀ պետական օրհներգի՝  «Մեր հայրենիք»-ի երաժշտության վերլուծություն։

 

Ա․ Վերջերս քննարկման նյութի աղբյուր հանդիսացավ Ալ․Գլազունովի «Ռայմոնդա» բալետի երրորդ գործողության թեմաներից մեկի և «Մեր հայրենիք»-ի մեղեդու նույնությունը։ Կարծիքներ եղան, որ մեր պետական օրհներգի երաժշտությունն ընդօրինակում է։

Եթե ուշադիր լինենք, ապա տարեգրությունն ամեն ինչ ասում է։ «Ռայմոնդա» բալետը ստեղծվել է 1897թ․։ Անդրանիկ ցուցադրումը կայացել է 1898թ․ Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում․  «Մեր հայրենիք» երգի անդրանիկ կատարումից 13 տարի հետո;

 

Բ․ «Մեր հայրենիք» երգը գրված է եվրոպական դասական երաժշտության հիմքերով, հետևաբար, մշակումը նույնպես կատարվել է եվրոպական դասական երաժշտության հիմքերով ։

Աշխարհը կարծում էր, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն։ Սակայն Մեծն Կոմիտասն ապացուցեց, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Այժմ, ցավոք սրտի, մենք աշխարհին ենք ներկայանում եվրոպական դասական երաժշտության հիմքերով գրված հիմնով։ Այո, գեղեցիկ օտար երգով, բայց ոչ հայկական։ Չէ՞ որ մենք ունենք մեր «գույնը» համաշխարհային ներկապնակում, մեր ազգային ոսկեղենիկ, հինգ հազար տարվա պատմություն ունեցող  երաժշտությունը։

 «Երկրիդ պետական օրհներգը երգելիս պիտի քեզ զգաս «սեփական» տանդ»։

Գ․ «Մեր հայրենիք» երգը սկսվում է վարընթաց քայլերով, ինչն արդեն իսկ չի համապատասխանում պետական հիմնի չափանիշներին։

 

3․ Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի ՀՀ պետական օրհներգը։

Մտավորականների մի խումբ ցանկանում են ՀՀ հիմն դառնա ՀԽՍՀ օրհներգը, որի երաժշտության հեղինակն է Արամ Խաչատրյանը։ Մի փառահեղ երգ՝ գրված տվյալ ժամանակի ոգով։ Սակայն կցանկանայի, որ նորից չսխալվենք։ Կարծում եմ՝ ճիշտ չէ արդեն մարմին ու հոգի ունեցող երգը վերցնել և փոխել «բառերը»․․․ինչն արդեն արել ենք մեկ անգամ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության պետական օրհներգի բառերը «կարկատելով»։

Իսկ մի՞թե խոսքը չէ ծնում երաժշտությունը։

Մեծն Կոմիտասն ասում էր․ « Հայ երաժշտությունն այնքան հարազատ է ու ազգային և այնքան ինքնուրույն ու ինքնատիպ, որքան իր լեզուն ու գրականությունը, որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունը ծնվում ու ծավալվում է իր ազգի հնչական ելևէջներից։ Հայ լեզուն ունի իր հստակ հնչողությունը, ուրեմն և համապատասխան երաժշտությունը»։

Մի՞թե ողջ ՀՀ-ում և Սփյուռքում չունենք կոմպոզիտորներ, որոնք հպարտորեն կստեղծագործեն և կցանկանան մասնակցել ՀՀ հիմնի ընտրությանը։ Իհարկե, ունենք։ Հայ երաժշտի ոգին վերածնվեց Կոմիտասով, ծաղկեց  Խաչատրյանով․․․ Անգին ավանդ ունենք ստացած մեր Մեծերից։ Այդ ավանդի ժառանգը նաև ես եմ, ով մեծ սիրով և խոնարհությամբ, կիրառելով հայկական երաժշտության և լեզվի միաձուլման օրենքները, կցանկանա մասնակցել Հայրենիքի Ազգային օրհներգի ընտրությանը։ 

ՀՀ պետական օրհներգը պիտի գրված լինի հայկական դասական երաժշտության հիմքերով։ Հետևաբար, բազմաձայնումը նույնպես պիտի կատարվի հայկական դասական երաժշտության բազմաձայնության հիմքերով։

Պիտի կիրառենք և պահպանենք այն անգին օրենքները, որոնք մեզ ավանդեց Մեծն Կոմիտասը։

                                                    Երաժիշտ՝ Վարդուհի Թորոյան-Ներսեսյան

(Հորդանան)

28․05․2018թ․