image

Ուրֆայի վերապրածները՝ հայրենակիցների աճյունների հետ. Լուսանկար

Ուրֆայի վերապրածները՝ հայրենակիցների աճյունների հետ. Լուսանկար

Լուսանկարն արված է 1919 թ. Ուրֆայում: Լուսանկարիչը կաթոլիկ հոգևորական Ֆրեր Ռաֆայելն է: Լուսանկարում հավաքված ցեղասպանությունը վերապրածները` կանայք, երեխաներ, ազգային գործիչներ, 1915 թվականին Ուրֆայի հերոսամարտի ժամանակ զոհված իրենց հայրենակիցների մասունքների մոտ կանգնած, դատապարտող հայացքով աշխարհին են ներկայացնում երիտթուրքերի կողմից կատարված հանցագործության ահասարսուռ վկայությունները: Առաջին շարքում երեխաները խորհրդանշում են ցեղասպանության հետևանքով որբացած հազարավոր հայ մանուկների: 

1918 թվականի զինադադարից հետո Ուրֆայում հավաքվեցին ցեղասպանությունը վերապրած մոտ 4500 հայեր, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում Ուրֆայի հերոսամարտից հետո հայրենի քաղաքում, ինչպես նաև Օսմանյան կայսրության հայաբնակ այլ շրջաններում մնացած՝ կոտորածից փրկված հայերը: Կոտորածներից մազապուրծ հայերի խնդիրները համակարգելու համար ստեղծվեց Հայ ազգային միության մասնաճյուղը, որը, ի թիվս այլ աշխատանքների, ձեռնարկեց նաև Ուրֆայի ինքնապաշտպանության Ժամանակ ավերված տներից սպանված ուրֆահայերի՝ 3 տարի անթաղ մնացած մասունքների հավաքման գործը: Միության անդամները պատրաստեցին պաստառ՝ հետևյալ գրությամբ. «The bases of civilization in the Near East Armenian cranes, Ourfa, 1914-1919 (Քաղաքակրթության հիմքերը Մերձավոր Արևելքում՝ հայերի գանգերը. Ուրֆա, 1914-1919 թթ.)»: Պաստառի և հավաքված գանգերի շուրջ լուսանկարվեցին Ուրֆայի ազգային միության որոշ անդամներ, ցեղասպանությունը վերապրած կանայք ու երեխաներ: 





«Այս մարմնի [Հայ Ազգային Միութեան] գործերէն մէկն ալ կ’ըլլայ, ընդհանրապէս փրկուած հայկական տուներու գետնայարկերէն եւ ստորերկրեայ նկուղներէն հաւաքել սպաննուածներու կամ իրենց թաքստոցներուն մէջ մահացածներու գանկեր հարիւրներով եւ զանոնք լուսանկարել, գանկերը դիզած բրգաձեւ եւ երկու կողմն ալ հաստատած երկու կիսակմախքներ...»: 

 

Միհրան Հերարդյան
ազգային, կուսակցական գործիչ
Հայոց ցեղասպանությունը վերապրած 



Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվի հավաքածու