image

Կոմիտասի հայրենի տունը

Կոմիտասի հայրենի տունը

Տարիների բացակայությունից հետո, Կոմիտասը երբ փառքով և հաղթանակով վերադառնում է Քյոթահիա, պատիվներով ու հարգանքով շրջապատված իր հայրենակիցներից, որոնք տեսել էին իր անբախտ մանկությունը և որբի տառապանքը փողոցներում թափառական վիճակի մեջ, հուզված փափագ է հայտնել այցելել նախ իր հայրենի տունը։ Ականատեսները պատմում են, թե այդ հանդիպումը այնքա՜ն սրտաճմլիկ ու ցնցող է եղել, որ ներկաները չեն կարողացել զսպել իրենց արցունքները։ Կոմիտասը ողջագուրվում է իր հարազատների հետ՝ ազգական, հորեղբորորդի, և ապա մտնում իր հայրենական սենյակը ու սկսում նախ լուռ և գլխիկոր շոշափել ու փայփայել պատերն ու լուսամուտները, և հետո մատերի մեջ գուրգուրանքով սեղմել այն փոքրիկ գամը, որից իր սիրասուն մոր կենդանագիրն է կախված եղել տասնհինգ տարի առաջ։ Ու անկարող այլևս զսպել իր պոռթկացող հուզումը, բարձրաձայն հեկեկում է։ Կոմիտասը այդ փայտաշեն ու կիսափուլ սենյակի մեջ է ծնվել. այնտեղ են հաջորդաբար մահացել իր նորատի բանաստեղծ մայրն ու երգիչ դժբախտ հայրը։ Դուրս զալով հայրենի տնից, Կոմիտասը հուզված գնում Է դեպի Վարի թաղի ազգային Ս. Էջմիածնի անվան դպրոցը, ուր ինքը չորս տարի աշակերտել էր։ Սրահ մտնելիս, նա բնազդական մղումով վազում է դեպի ձախ անկյունը և ծալապատիկ նստում փոշոտ ու կեղտոտ տախտակամածի վրա, վճռականապես մերժելով խուճապահար թաղականների խնդրանքը՝ թիկնաթոռի վրա նստելու…

Տխուր, բայց անողոք շեշտով նա պատասխանում է.

-Տարիներ առաջ ոչ ոք չգուրգուրաց ինձ վրա, երբ ես նստում էի ճիշտ այստեղ առանց բազմոցի, մինչ ուրիշներ զույգ բազմոցների վրա էին նստում։ Ես երկու անգամ ծանր հիվանդացել եմ այստեղ։ Այժմ թույլ տվեք ինձ, իմ հոժար կամքով, նստել ու հիշել իմ անցյալ դժբախտ օրերը և այս չոր տախտակները․․․։

 

Հայագիտարան Հայաստան