image

Հայաստանյայց համաավետարանական երիտասարդական համագումարի փակման արարողությունը. Լուսանկարներ

Հայաստանյայց համաավետարանական երիտասարդական համագումարի փակման արարողությունը. Լուսանկարներ

Օգոստոսի 15-ին Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող Հանքավանի Շիին – Շողիկ ճամբարում կայացավ օգոստոսի 2-ից սկսված  ՀՀԵՀ փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀԵՀ աշխատանքները համակարգող վերապատվելի Նշան Պագալյանը: Նա ներկայացրեց անցած օրերի կատարած աշխատանքները, նշեց երիտասարդների՝ հայրենիքի հետ կապի ամրապնդման, հայկական մշակույթի ծանոթացման, միջանձնային նոր հարաբերությունների կարևորությունը և նախանշեց հետագա անելիքները:

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ողջունեց Սփյուռքի նախարար Մ. Հայրապետյանին, նշեց Սփյուռքի նախարարության և Ընկերակցության միջև  համագործակցության զարգացման հեռանկարները  և խոսքը փոխանցեց Մ. Հայրապետյանին:

Նախարարը շնորհավորական ուղերձում դիմելով Հ. Ներսեսսյանին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր.  Մկրտիչ Մելքոնյանին, վեր.  Ն. Պագալյանին,  և  երիտասարդներին ի սրտե շնորհավորեց և ողջույնի ջերմ խոսքեր հղեց ԱՀԱԸ-ի մեկդարյա հոբելյանի առթիվ Հայրենիքում կազմակերպված ՀՀԵՀ-ի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:

Նա մասնավորապես ասաց.  §Ուրախ եմ, որ այստեղ են գտնվում այն լավագույն երիտասարդ գործիչները, ովքեր իրենց եկեղեցիների երիտասարդական ծառայություններում ակտիվորեն ընդգրկված և աչքի ընկած անձինք են:

Վստահ եմ, որ ԱՀԱԸ այս երկշաբաթյա նախաձեռնության շնորհիվ Հայրենիքում և արտերկրում բնակվող սփյուռքահայ երիտասարդները, փոխադարձ ծանոթությունից բացի, կհաստատեն նոր կապեր, կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները, կնախանշեն ապագայի անելիքները¦:

Նախարար Մ. Հայրապետյանը համագումարի մասնակիցներին ներկայացնելով Սփյուռքի նախարարության  «ՆերՈւժ» սթարթափերի ծրագիրն ասաց. 

 
«Երիտասարդական այս հանդիպումը նոր կամուրջներ ստեղծելու և ամրապնդելու կարևոր հավաք է, որի գործարար ծրագրեր ունեցող յուրաքանչյուր մասնակցի այսօր մեր պետությունը հնարավորություն է տալիս Հայրենիքում ներգրավվելու «ՆերՈւժ» սփյուռքի երիտասարդական սթարթափերի ծրագրում, որը միտված է Հայրենիքի զարգացմանն ու հայրենադարձությանը։

Հայազգի երիտասարդ ձեռներեցների համար նախատեսված ինտերակտիվ այս ծրագիրն ուղղված է հենց ձեր նախաձեռնությունների առաջխաղացմանը, գիտելիքային բազայի հարստացմանը, կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։

Գնահատելի է, որ այս օրերին, ի թիվս այլ հանդիպումների և էքսկուրսիաների, Ձեր կատարած կամավոր աշխատանքներով աջակցել եք դրա կարիքը զգացող մարդկանց:

Ցանկանում եմ, որ այս հանդիպումից հետո յուրաքանչյուր մասնակից երիտասարդ, երբ վերադառնա իր բնակության երկիր, Հայրենիքից ստացած նոր էներգիայով և ավյունով համայնքում իրագործի հայապահպանության և հայրենադարձության կարևոր գործի կյանքի կոչման առաքելությունը: 

Սիրելի՛ երիտասարդներ,

Համոզված եմ, որ այս օրերի ընթացքում Հայրենիքում տեղի ունեցած հանդիպումների, բովանդակալից քննարկումների, աշխատանքային և հանգստի հետաքրքիր ու հագեցած տպավորությունների ներքո դուք ոչ միայն կշարունակեք, այլև հանդես կգաք երկրի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ մեր ընդհանուր նպատակների իրականացման գործում»:

Նախարարի խոսքի ավարտից հետո Հ. Ներսեսսյանը նախարար Մ. Հայրապետյանին նվիրեց համագումարը  խորհրդանշող շապիկ:

 

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակին նվիրված՝  ՀՀԵՀ-ին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 150 երիտասարդներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Արցախից, Ավստրալիայից: