image
Հրատապ լուրեր:

Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտներու այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտներու այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

22 Ապրիլին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյեանի:

Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց ձեւաւորուած գեղեցիկ աւանդոյթի առիթով, որի շնորհիւ Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրերին Ֆրանսիայի մէջ գործող այս երկու հայկական վարժարանների սաները ամէն տարի այցելում են հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշակերտների հետ զրուցեց միջազգային հանրութեան կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման կարեւորութեան մասին՝ յաւելելով, որ դա ոչ միայն ազգային, այլ նաեւ համամարդկային ընդգրկում ունի, քանի որ պայքարի նպատակն է կանխարգելել նման ոճրագործութիւնների կրկնութիւնը մարդկային կեանքում:

Հետաքրքրուելով վարժարանների սաների ուսումնառութեամբ` Գարեգին Բ. Հայրապետը յորդորեց հայորդիներին ջանասիրութեամբ շարունակել ուսումը եւ դառնալ իրենց ժողովրդի արժանաւոր զաւակներ՝ բարձր պահելով նրա անունն ու պատիւը Ֆրանսիայի մէջ:

Հայոց Հովուապետը սաներին պատգամեց նաեւ զօրացնել իրենց կապերը Եկեղեցու հետ եւ մշտապէս հաղորդ լինել ազգային արժէքներին ու սրբազան ժառանգութեանը, որպէսզի կարողանան անխաթար պահպանել իրենց ինքնութիւնը:

Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց վարժարանների տնօրէններին, ուսուցչական անձնակազմին եւ հոգաբարձուներին Հայաստան եւ Մայր Աթոռ այցելութիւնները կազմակերպելու համար:

Իրենց հերթին աշակերտներից մի քանիսը ասմունքեցին` հաճելի անակնկալ մատուցելով Վեհափառ Հայրապետին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց ֆրանսահայ աշակերտներին եւ ի յիշատակ այցի նրանց խաչեր ընծայեց: