image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունած է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունած է  «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց Մայր Աթոռի հովանու ներքոյ գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանների չորս աշակերտների՝ ուղեկցութեամբ դպրոցի տեսուչ, Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանի եւ դպրոցի տնօրէն տիկին Սուսաննայ Վարդանեանի:

Տեսուչ Հայր Սուրբը, շնորհակալութիւն յայտնելով Վեհափառ Հայրապետին կրթական հաստատութեան հանդէպ ցուցաբերուող մշտական ուշադրութեան եւ հայրական խնամքի համար, տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի կողմից հռչակուած Ընտանիքի տարուայ շրջանակներում, մայիսի 15-ին` Ընտանիքի միջազգային օրը, դպրոցում կազմակերպուել էր միջոցառում ծնողների համար՝ նպատակ ունենալով նրանց ուշադրութիւնը հրաւիրել ընտանեկան արժէքներին, ինչպէս նաեւ աշակերտներն այցելել էին ապրիլեան քառօրեայում զոհուած զինուորի ընտանիքի անդամներին եւ հանդիսութիւն կազմակերպել «Քիւրքչեան» խնամքի կենտրոնի երեխաների համար: Այդ արժէքների զօրացման գործում Հայր Զաքարիան կարեւորեց եկեղեցու կրթադաստիարակչական առաքելութիւնը` ընդգծելով, որ որքան հզօր եւ ամուր է ընտանիքը, այնքան ուժեղ է ժողովուրդն ու պետութիւնը:

Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնութիւնը փոխանցելով աշակերտներին, ընդգծեց դպրոցականների եւ երիտասարդութեան մէջ ընտանեկան եւ հոգեւոր-բարոյական արժէքների սերմանման կարեւորութիւնը` յորդորելով նրանց ամէն ջանք գործադրել՝ լաւ մարդ եւ քրիստոնեայ լինելու համար։ նորին Սրբութիւնը նշեց, որ դարերի ընթացքում հայի համար ընտանիքն ընկալուել է իբրեւ փոքրիկ դրախտ եւ սրբութիւն, պատմութեան ընթացքում այդ հաստատուն հենքի շնորհիւ են կերտուել յաղթանակները, արձանագրուել ձեռքբերումներն ամենատարբեր ոլորտներում: Խօսելով քրիստոնէական աւանդական ընտանիքի արժեհամակարգը խաթարող ժամանակակից մարտահրաւէրների եւ երեւոյթների մասին` Նորին Սրբութիւնը կարեւոր համարեց հասարակութեան` ամուր ընտանեկան եւ բարոյական արժէքներով դաստիարակութիւնը:

Հանդիպմանը Հայոց Հայրապետն աշակերտներից հետաքրքրուեց նրանց ուսումնական ընթացքով, նախասիրութիւններով եւ դպրոցում առկայ պայմաններով:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բաշխեց աշակերտներին, նուէրներ ընծայեց ի գնահատութիւն ուսումնառութեան մէջ նրանց արձանագրած յաջողութիւնների: