image

Ֆրանսահայ Դան Ղարիբյանը կերգի Երևանում

Ֆրանսահայ Դան Ղարիբյանը կերգի Երևանում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից տեղեկանում ենք, որ Երևանում համերգ կունենա ֆրանսահայ մեր հայրենակից Դան Ղարիբյանը՝ իր նախկին՝ Bratsch  խմբի երաժիշտների հետ: Ելույթը նախատեսված է «Fête de la Musique» փառատոնի շրջանակներում:  1982 թ.-ին ստեղծված «Fête de la Musique»-ը ամենամյա փառատոն է, որն անցկացվում է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի նույն օրը՝ հունիսի 21-ին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված երևանյան համերգը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը 18.30-ից սկսած՝ Սիրահարների այգում, մուտքն ազատ է:   Հնչելու են  գնչուական բալլադներ, ֆրանսիական երաժշտության երգացանկից, Երևանին, Սալոնիկին և Օդեսային նվիրված երգեր՝ գրավիչ ձայնով Bratsch խմբի նախկին կիթառահար Դան Ղարիբյանի կատարմամբ՝ գնչուական ջազի հիանալի կատարողներ, կիթառահար Բընուա Կոնվերի և ակորդեոնահար Անտուան Ժիրարի նվագակցությամբ: Դան Ղարիբյանը  Շառլ Ազնավուրին նվիրված «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած  «Հայկական վալս»-ի բառերի եւ երաժշտության հեղինակն է։

Այն  ֆրանսիացի շատ երգիչների շրջանում տարածված  երգ է: Այս երգը ֆրանսիական  Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում,  Bratsch-ի   հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառիստ Դեն Ղարիբյանի կատարմամբ: Ֆրանսիայում հայտնի  Bratsch գնչուական խումբը մեկնաբանում է Արևմտյան Եվրոպայի գնչուական երգ-երաժշտությունը: Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող ազգերի երաժշտությունը՝ ջազի վերածելով նրանց ազգային երաժշտական ավանդույթները: Ֆրանսիայում գործող խումբը, մեծ ճանաչում ունենալով Ֆրանսիայում, նաև բազմաթիվ վայրերում է հանդես եկել, այդ թվում՝ Մոսկվայում, Ստամբուլում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Լոնդոնում, Գազայում և այլուր:

Խումբը հիմնվել է 1972-ին.  երաժիշտները  ոչ միայն ալբոմներ են թողարկել և համերգներ ունեցել, այլև հասցրել են հանդես գալ ֆրանսիացի աստղերի հետ: Շառլ Ազնավուրը նույնպես խմբի հետ համատեղ երգել է  Bratsch-ի  երգերը:

Խումբը տարիներ առաջ, երկարատև համագործակցությունից հետո բաժանվել է, և Դան Ղարիբյանը հիմնել է «Ղարիբյան տրիո»-ն: 

Ֆրանսիայում հայտնի ջազային կատարող է նաև  Bratsch-ի հիմնադիր Դան Ղարիբյանի դուստրը՝ Մաշա Ղարբիյանը: